Կուտակայինի դիմում գրելու պատճառով աշխատանքից ազատված Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկա եւ մաթեմատիկա առարկաների ուսուցիչ Տիգրան Սարգսյանի դիմումն օրերս կրթության պետական տեսչությունն ընդունել է վարույթ եւ այժմ պարզում է, թե իրականում ինչի համար են աշխատանքից ազատել Երեւանից Զովասար գնացած ուսուցչին:

«Դիմել եմ կրթության պետական տեսչություն, որպեսզի կետը, որով ինձ աշխատանքից ազատել են, փոփոխեն, քանի որ իմ աշխատանքային գրքույկում նշված է, որ մեկ օր անհարգելի պատճառով աշխատանքի չեմ ներկայացել: Մինչդեռ ես համոզված եմ, որ ինձ ազատել են կուտակայինի դիմումը գրելու պատճառով»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանը Զովասարի դպրոցում աշխատում է այս տարվա հունվարի 20-ից: Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին կայացրած որոշումից մի քանի օր անց պահում չկատարելու համար ուսուցիչը դիմում է գրել դպրոցի տնօրենին՝ Ալբերտ Սարգսյանին:

«Դպրոցում 8 երիտասարդ ուսուցիչ է աշխատում, միայն ես եմ դիմում գրել: Մինչեւ գրելն ասում էին, որ վերեւից հրաման կա, որ ոչ մի դիմում չներկայացնենք, ես էլ հանկարծ դիմում չգրեմ, թե չէ վատ կլինի, բայց ես գրեցի: Ապրիլի 23-24-ն դիմումս հասավ տնօրենին, իսկ մայիսի 8-ին արդեն աշխատանքից ազատեցին»,- ավելացրեց նա:

Ինֆորմատիկայի եւ մաթեմատիկայի ուսուցիչն ավելի քան համոզված է, որ հենց դիմումի պատճառով է ազատվել աշխատանքից, հակառակ պարագայում գոնե տնօրենը կսպասեր՝ մինչեւ ուսումնական տարվա վերջ. «Հիմա փաստաթղթերս եմ պատրաստում, որ դիմեմ դատարան՝ աշխատանքս վերականգնելու պահանջով»:

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ քաղաքացիներին աշխատանքից ազատում են կուտակայինի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու եւ դիմումներ գրելու համար: Փետրվարի 14-ին պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո աշխատանքից հեռացվել էին «Մետրոպոլիտենի» երեք աշխատակիցները: Նրանք դիմել են դատարան, դեռ դատավարություն է ընթանում: