Երեւանի բնակիչներ, եղբայրներ 22-ամյա Ալբերտի եւ 21-ամյա Վարդանի հարազատները չեն ընդունում եղբայրներին առաջադրված մեղադրանքը եւ համոզված են, որ ազգությամբ պարսիկ Մելինեն է «սարքել նրանց գլխին»:

NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Գրիգորյանները բորբքոված պատմեցին, որ Ալբերտին եւ Վարդանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ տղաները հարվածել են Մելինեին, հայհոյել եւ փորձել խեղդել, իրականությանը չի համապատասխանում:

«Նման բան չի եղել, Մելինեն սարքում է տղաների գլխին: Դեպքի օրը Ալբերտն ու Վարդանը մեքենայով անցել են Վրացական փողոցով, որտեղ իրենց առջեւով քայլել են պարսիկներ, տղաները մեքենայրց ասել են Մելինեին՝ արագ անցիր, նա էլ շրջվել ու հայհոյել է: Տղաներն էլ մեքենայից իջել ու պահանջել են ներողություն խնդրել, թեթեւ վիճաբանել են ու վերջ, ոչ հարվածել են էդ աղջկան, ոչ փորձել խեղդել: Մելինեն զանգել է ոստիկանություն ու նրանք եկել, բոլորին տարել են, բաժնում էլ հաշտվել են իրար հետ եւ ոչ մի գործ էլ չի հարուցվել»,- ասաց տղաների հարազատներից մեկը:

Նրա պատմելով՝ դեպքից միայն ութ ամիս անց քննիչները փաստի առթիվ գործ են հարուցել, Ալբերտին եւ Վարդանին մեղադրանք առաջադրել:

«Դատախազն է ամեն ինչ անում, ձայնագրություն ունենք, որտեղ լսվում է, թե քննիչները ոնց են տղաներին ասում, թե դատավարության ժամանակ ձեր մեղքն ընդունեք, արագացված դատեր կլինեն, կպրծնի կգնա: Մենք այդ ամեն ինչը ունենք ձայնագրված: Եթե Ալբերտին ու Վարդանին դատեցին, հանելու ենք ջրի երես»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Ալբերտին եւ Վարդանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով Դատական տեղեկատվական համակարգին, հայտնել էր, որ ըստ մեղադրական եզրակացության՝ եղբայրներ Ալբերտն ու Վարդանն անցած տարվա նոյեմբերի 17-ին Վրացական 37-րդ շենքի մոտ խուլիգանական մղումներով շենքի բնակիչների եւ պատահական անցորդների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել, հայհոյել եւ վիճաբանության մեջ մտել Մելինե Կ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում տղաները բռնություն են գործադրել Մելինեի նկատմամբ՝ վերջինիս հարվածելով եւ խեղդելով: