«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը դեռ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վալերիի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյլաի մոտ օրվա ընթացքում անընդհատ բարդություններ են առաջանում:

«Շարունակում է ստացիոնար բուժումը, օրվա ընթացքում վիճակի վատթարացում է լինում, սրացումներ են լինում, բայց քանի որ օրգանիզմն առողջ է, կարողանում է պայքարել դրա դեմ: Այս պահին դուրսգրման մասին խոսք չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով դեպքից հետո անհետացած մեքենային՝ փաստաբանը նշեց, որ ոստիկանությունից դեռ ոչինչ չեն հայտնում, թե լիազոր մարմինն ինչ գործողություններ է կատարում՝ այն գտնելու համար: Թե ինչու է ոստիկանությունը մեքենան չի գտնում, Լեւոն Բաղդասարյանը չգիտի:

Նշենք, որ Լեւոն Բաղդասարյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ հունիսի 12-ին Վալերի Հովհաննիսյանի հայրը դիմել է ոստիկանություն՝ դեպքից հետո անհետացած մեքենան գտնելու համար. «Վալերին իր առաջին հրազենային վնասվածքը ստացել է հորը պատկանող մեքենայի մեջ, իսկ երկրորդն էլ մեքենայից դուրս գալիս, այնուհետեւ վազել է մի քանի մետր եւ ընկել: Այսքանից հետո Վալերիի հոր մեքենայով հիվանդանոց են տեղափոխել Ներսես Մելքոնյանին, իսկ այնուհետեւ մեքենան անհետացել է»:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։