Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ծովակալ Իսակովի պողոտայից Լենինգրադյան փողոց ձգվող քաղաքային նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքներն իրականացնելու եւ ներդրած ավանդի համար «Երեւան քաղաքի պատվավոր շինարար» հուշամեդալով է պարգեւատրել «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանին:

 Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը, «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ֆելիքս Աֆյանը, «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի առաջին տեղակալ Ալբերտ Շաքարյանը եւ «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի ճանապարհների եւ կամուրջների բաժնի պետ Հարություն Ավագյանը պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու կառուցման աշխատանքներում ունեցած մասնակցության եւ ավանդի համար մի շարք ճանապարհաշինարարներ եւ նախագծի կյանքի կոչմանը ներդրում ունեցած անձինք էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով եւ շնորհակալագրով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում ընդգծել է, որ ճանապարհի կառուցումն իրականում մեծ ձեռքբերում էր Երեւանի համար. «Այս ճանապարհի կառուցումն իրականում երազանքի իրականացում էր, քանի որ այն, ինչպես գիտեք, նախագծվել էր դեռեւս 1972 թվականին, եւ մենք, ըստ էության, միասնական ուժերով այն իրականություն դարձրինք: Եվ այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ թե՛ որպես Երեւանի քաղաքապետ եւ թե՛ որպես երեւանցի, ում համար մեր քաղաքի յուրաքանչյուր ձեռքբերում անչափ կարեւոր ու սպասված է: Եվ համոզված եղեք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց լուման են բերում մայրաքաղաքի զարգացմանը եւ նվիրումով անում են հնարավորը, որ մեր սիրելի քաղաքը օր առաջ դառնա բոլորիս երազած ավելի լավ Երեւանը, մշտապես գնահատվելու են քաղաքային իշխանությունների կողմից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու վստահության համար՝ «Սահակյանշին» ՓԲԸ տնօրեն Սուրեն Սահակյանն էլ, առանձնակի կարեւորելով ճանապարհի կառուցման ողջ ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական աջակցությունն ու հետեւողականությունը, վստահեցրել է, որ այսուհետ եւս պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Երեւանի զարգացման ծրագրերում: