Թուրքիայում դատարանը թմրանյութերի առեւտրով զբաղվելու մեղադրանքով 4 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եղբորորդուն՝ Մեհմեդ Էրդողանին։
Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 1-ին դատարանում հիշյալ գործով տեղի ունեցած վերջին դատական նիստին դատավորը հրապարակել է Էրդողանի եղբորորդու եւ նրա հետ հանցակից 10 հոգու նկատմամբ դատավճիռը, ըստ որի Մեհմեդ Էրդողանը ստացել է 4 տարի 2 ամիս, իսկ մյուսները տարբեր պատժաչափերի։
Ստամբուլի դատախազությունը նրանց համար պահանջում էր 17 տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեղմ է գտնվել նրանց նկատմամբ։
Էրդողանի եղբորորդին եւ մյուս 10 հոգին ձերբակալվել էին 2010-ի փետրվարին՝ Դիարբեքիրից Ստամբուլ խոշոր քանակի թմրանյութ տեղափոխելու ժամանակ։ Վարչապետ Էրդողանը այդ կապակցությամբ հրահանգել է անել այն, ինչ օրենքով պահանջվում է։




























