Հայաստանի վարչապետի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարեւորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաեւ յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները` հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության կրճատման նպատակով հարկ վճարողներին առաջարկվել է բարելավել հատկապես նշված ցուցանիշները.

• փաստաթղթաշրջանառություն (էլեկտրոնային եւ թղթային հարկային հաշիվների կառուցվածք, հարկային հաշիվների քանակ, գնային քաղաքականություն),

• հարկային բեռ (մաքսային արժեքի եւ շրջանառության նկատմամբ),

• շահութահարկ, շահութաբերություն,

• աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների իրական մեծության հայտարարագրում, աշխատողների թվաքանակի ճշտում:

Արդյունավետ հսկողություն սահմանելու միջոցով նպատակ է դրվել նպաստավոր պայմաններ ստեղծել հավասար տնտեսական հնարավորությունների ապահովման գործում, աջակցել կարգապահ հարկ վճարողներին: ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով նախարարության եւ բիզնեսի տարբեր ճյուղերի ավելի քան 1000 ներկայացուցիչների միջեւ մայիսի 22-ից հունիսի 13-ը տեղի ունեցած ոլորտային հանդիպումների ժամանակ քննարկվել են յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները եւ առաջադրվել են լուծման կոնկրետ ուղղություններ:

Հարկային (տարածքային) տեսչություններին հանձնարարվել է իրականացնել առանձնացված հարկ վճարողների իրազեկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաեւ կազմակերպել անհատական հանդիպումներ` առաջադրված խնդիրներն առավել հանգամանորեն վերանայելու եւ կարգավորելու նպատակով: Կանոնակարգվել է աշխատանքների ամփոփման եւ արդյունքների գնահատման, հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու գործընթացը:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, հուլիս եւ հետագա ամիսների ընթացքում հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշների ու իրականացված հսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքում: