ՌԴ ԱԳ նախարարությունը կարծում է, որ Կիեւը կարող էր Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի երկարաձգումից հրաժարվել արտաքին ազդեցության ներքո:
«Տպավորություն է ստեղծվում, որ Կիեւի դիրքորոշման փոփոխությունը՝ ներառյալ հրադադարի ռեժիմը չերկարաձգելու մասին հուլիսի 1-ի գիշերն արված հայտարարությունը, տեղի է ունեցել ոչ առանց արտաքին միջամտության՝ հակառակ Եվրամիության առաջատար անդամների դիրքորոշման»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Այս առիթով ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ բոլորը պետք է ղեկավարվեն արյունահեղությանն անհապաղ վերջ դնելու խնդրով, ապահովեն կայուն հրադադար եւ բանակցություններ սկսեն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաղորդել էր, որ որոշել է չերկարաձգել երկրի արեւելքում հրադադարի ռեժիմը: Նա բացատրել էր, որ խաղաղարար ծրագրի հնարավորությունը չի իրականացվել ռուսամետ ակտիվիստների գործողությունների պատճառով: Նրա խոսքով, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանությունը պահանջում են ոչ միայն պաշտպանողական, այլեւ ռուսամետ ակտիվիստների դեմ հարձակողական գործողություններ:





























