Հայաստանում կբարձրանան Էլեկտրակայաններից բաշխիչ ցանցեր թողարկվող էլէներգիայի բացթողման գները: Համապատասխան որոշում է կայացվել հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում: Այսկերպ, Էլէներգիայի բացթողման միջնակշռված արժեքը  օգոստոսի 1-ից  16,3 դրամից կդառնա 19 դրամ՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց:

Հիշեցնենք, որ վերջնական ցերեկային սակագինը շարքային սպառողի համար 38 դրամից  կբարձրանա մինչեւ 41,85 դրամ: Ամենաշատը բարձրացվել են Երեւանի ՋԷԿ-ի եւ Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի սակագները: 

Հայկական ԱԷԿ-ի սակագինը մի փոքր  նվազեցվել է (6,071-ից մինչեւ 5,726 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց): Ավելացել է յուրաքանչյուր կՎտ-ի ամենամսյա սակագինը՝ 4342 –ից մինչեւ  4988 դրամ:

Մի փոքր նվազեցվել է Հրազդանի ՋԷԿ-ի սակագինը (37,180 –ից մինչեւ 36,925 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց), մի փոքր ավելացվել է նաեւ  հզորության ամսական վճարը՝  1020-ից մինչեւ 1935 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց :

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի սակագինը (պատկանում է «Գազպրոմ Արմենիային») նույն մակարդակի վրա է թողնվել՝ 40,08 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց :

Երեւանի ՋԷԿ-ի սակագինը կՎտ/ժ-ի դիմաց քիչ է ավելացել (18,133 դրամ՝ 17,594-ի փոխարեն): Կտրուկ ավելացել է հզորության վճարը՝ 2189,95-ից մինչեւ 6478,94 :

Որոտանի ՀԷԿ-ի սակագինը նվազել է՝ 8,201 –ից մինչեւ 7,978 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: Նվազել է նաեւ հզորության վճարը՝ 313,19 –ից մինչեւ 300,37 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց :

Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի սակագինը 2,072 դրամ է՝ 0,931-ի փոխարեն: Հզորության վճարը գրեթե չի փոխվել՝  783,79 –ից մինչեւ 785,36 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց :

«Հայաստանի էլեկտրացանցերի» սահմանը 220-կՎտ-անոց ցանցերով էլեկտրաէներգիայի բաց թողման համար՝ աճել է 1,2788 –ից մինչեւ 1,6373 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: