Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Լեւոն Նազարյանին, ում ընտանիքը հովանավորում է Շուշիի արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի շենքի վերակառուցումը:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է լինելու Արցախի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման գործում:
Լեւոն Նազարյանը ներկայացրել է հետագա ծրագրերը` շեշտադրելով իր ընտանիքի պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու Շուշիի զարգացմանը եւ տեղում որակյալ կրթության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:





























