Սարյանի փողոցում, հունիսի 23-ին, բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմի բռնությունների փաստով քրեական գործ է հարուցվել:

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երեւանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաեւ, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երեւանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Երեւանի Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:

Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am