Համաշխարհային արենայում ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվեց, եւ հիմա հարկավոր է սառը պատերազմի արդյունքների հիման վրա բանակցությունների սեղանի շուրջ նստել: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը:
«ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտին է մոտեցել, ինչի հետ Վաշինգթոնում, իհարկե, չեն կարող համաձայնել: Բայց հարկավոր է նստել եւ պայմանավորվել սառը պատերազմի արդյունքների հիման վրա»,- Լուկյանովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, պետք է մեծ համագումար լինի, որը կհավաքի բոլոր առանցքային խաղացողներին: «Ներկայում նման խնդրի համար, ՄԱԿ-ից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից բացի, որեւէ այլ կազմակերպություն աշխարհում գոյություն չունի»,- ասել է Լուկյանովը:
Հակառակ դեպքում, ըստ նրա, չկան խաղի կանոններ, չկան պայմանավորվածություններ: Իսկ դրանք կխախտվեն, հատկապես այն դեպքում, երբ չկան հստակ պարտավորություններ: «Եվ այդ ժամանակ աշխարհն ավելի ու ավելի պակաս կառավարելի ու ավելի քաոսային կդառնա»,- ընդգծել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը:
Նա նշել է, որ ներկայում համաշխարհային արենայում հայտնվել են ուժային նոր կենտրոններ, որոնց թվում են նաեւ ԲՌԻԿՍ-ում ընդգրկված երկրները: «Դե՝ Ռուսաստանն ինքն էլ կարողացավ ոտքի կանգնել»,- եզրափակել է Լուկյանովը:





























