NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Մերհատ Շարիպժանի հոդվածը, որը հրապարակվել է չեխական «The Prague Post» թերթում:

Նախկին խորհրդային երեք հանրապետություններ՝ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը՝ չնայած Ռուսաստանի՝ երբեմն դաժան խոչընդոտելու փորձերին: Այդ, իհարկե, հեռանկարային գործընթաց է այդ երկրների համար, որոնք բոլորն էլ Խորհրդային Միության անկումից հետո պայքարել են կայունության հասնելու համար: Սակայն միամտություն կլիներ կարծել, թե Ռուսաստանը դյուրությամբ կհանձնվի:

Ինչպես հերթական անգամ ապացուցեց Ուկրաինայի շուրջ ներկա ճգնաժամը՝ նախկին խորհրդային պետությունները, որոնք փորձում են աշխարհաքաղաքական որոշումներ կայացնել առանց Կրեմլի համաձայնության, երկար ժամանակ չեն կարողանում անձեռնմխելի մնալ: Վրաստանից առանձնացած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շրջանները 2008 թվականին Ռուսաստանի կողմից ճանաչվելուց հետո փաստացի անկախություն ունեն: Այսօր այդ շրջանները վերադարձնելու հեռանկարներն ավելի հեռավոր են թվում, քան երբեւէ: Իր հերթին, Մոլդովան երկու տասնամյակ պայքարում է՝ անջատված Մերձդնեստրի վրա վերահսկողություն սահմանելու համար:

Բացի այն, որ Ռուսաստանը նախկին խորհրդային պետություններին տարհամոզում է Եվրամիության հետ ավելի խորը կապեր հաստատելու ձգտման հարցում, այն սեփական արտադրության յուրովի «ԵՄ»-ն է ստեղծել՝ Եվրասիական տնտեսական միությունը: Մայիսին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները Եվրասիական տնտեսական միություն ստեղծեցին՝ ստորագրելով պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի՝ պայմանով, որ երեք պետությունների խորհրդարաններն էլ կվավերացնեն այն:

Չնայած մի շարք երկրներ կանգնեցին Ռուսաստանի կողմից իրենց համար անջատողական, էթնիկ կամ այլ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի առջեւ, եթե ընտրել Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհը, մյուսները տրվեցին ճնշումներին: Սեպտեմբերին Հայաստանը, որը Լեռնային Ղարաբաղի շրջանի անջատման հետեւանքով ավելի քան երկու տասնամյակ հակամարտության մեջ է հարեւան Ադրբեջանի հետ, հանկարծ կասեցրեց Եվրամիության հետ ինտեգրման բանակցությունները եւ հայտարարեց Ռուսաստանի գլխավորած կառույցին միանալու որոշման մասին: Կրեմլը նաեւ այլ մեխանիզմներ է օգտագործում՝ հետխորհրդային պետությունների վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար:

Ինչպես կարելի է նկատել, Եվրասիական տնտեսական միությունը, ամենայն հավանականությամբ, երկու հիմնական նպատակ է հետապնդում. Արեւմուտքի հետ նախկին խորհրդային միության պետությունների ինտեգրման ճանապարհին խոչընդոտներ ստեղծել եւ օգնել ապահովել Պուտինի իշխանությունը: Տնտեսական իրավիճակի բարելավման հարց, թվում է, օրակարգում չկա: Եթե Եվրասիական տնտեսական միությանը չհաջողվի զգալի տնտեսական շահ բերել, այն, հավանաբար, դատապարտված կլինի հերթական անհաջող ինստիտուցիոնալ նախաձեռնությունը դառնալ, ինչպես եւ Անկախ պետությունների համագործակցությունը, Ռուսաստանի Բելառուսի միավորված պետությունը կամ Կենտրոնական ասիական միությունը: Այն կարող է նույնիսկ արագացնել Ռուսաստանի ներքին անկումը: