«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում գետի էկոհամակարգի համար: հաղորդում է «ԷկոԼուրը»:
Այս ՓՀԷԿ-ի հարցով հասարակական լսումները տեղի կունենան հուլիսի 9-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի գյուղապետարանում: ՓՀԷԿ-ը խողովակի մեջ է վերցնելու ջուր 4017 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է 12 կմ երկարությամբ Մարտիրոս գետի 33.47 տոկոսը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար: Գետում պետք է թողնեն 0.01խմ/վրկ ջուր: Գետի համար ռիսկերը նշված են հենց նախագծում.
• ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում (պատվարի գետահատվածից մինչեւ ՀԷԿ-ի շենքի գետահատվածը) ջրի ելքերի նվազում եւ դրա պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստեցման եւ հունալվացման, ինչպես նաեւ ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտում
• գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացում եւ հետագա անապատացման վտանգի առաջացում
• տեղական ձկների բնական սնման, ձվադրման եւ բազմացման պայմանների փոփոխում
• ջրի որակի հնարավոր վատացում` շինհրապարակներում կուտակված շինարարական աղբի եւ վառելիքաքսայուղային նյութերի ողողման եւ մակերեւույթային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:
Նշենք, որ «Վարանցով» ՓՀԷԿ-ի համար ջրօգտագործման թույլտվության հայտը ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը հաստատել է 2012թ-ի սեպտեմբերի 7-ին:





























