Հարավային Կովկասի տարածաշրջանում գլխավոր մարտահրավերը սպառազինությունների անհավասարակշռությունն է, իսկ հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել խնդիրների. որպեսզի դա տեղի չունենք անհրաժեշտ է ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ գործիքակազմը: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին «ԱՊՀ տարածքում անվտանգության ժամանակակից մարտահրավերները» հեռակամուրջի ընթացքում հայտարարեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը իր բնույթով եզակի է. Լեռնային Ղարաբաղում երբեք խաղաղապահներ չեն եղել: Անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց. «Ուկրաինան ելակետային պետություն է, եւ այն, ինչ այնտեղ է տեղի ունենում, ազդում է Հայաստանի վրա: Ուկրաինան Հարավային Կովկասի համար կարեւոր է նաեւ տրանսպորտային առումով»: Քաղաքագետի կարծիքով ռուսական զորքերի մուտքը Ուկրաինայի տարածք ոչ մի դեպքում տեղի չի ունենա, դրան կընդդիմանա Ուկրաինան եւ համաշխարհային հանրությունը նույնպես չի խրախուսի: «Անկայունությունը դեռ երկար ժամանակ կշարունակվի, Ուկրաինային տնտեսական կոլապս է սպասվում», - նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:





























