Սաուդյան  Արաբիան 30 հազարանոց զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանակից շրջանում, որտեղից հեռացել են Իրաքի կառավարական ուժերը, ովքեր պայքարում էին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժման գրոհայինների դեմ:

Նախօրեին «Ալ Հադաս» հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքի բանակի մի քանի ստորաբաժանումներ զորքերը Սիրիայի եւ Սաուդյան  Արաբիայի սահմանից հեռացնելու հրաման է ստացել, փոխանցում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժմանը միացել են կառավարությունից դժգոհ իրաքյան սունիները: Գրոհայինները վերջին շաբաթում Իրաքի միանգամից մի քանի քաղաքներ են գրավել, ինչպես նաեւ Հորդանանին եւ Սաուդյան  Արաբիային սահմանակից տարածքներ:

Հունիսի 29-ին  «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժումը հայտարարել էր խալիֆայություն ստեղծելու մասին եւ անվանումը փոխել էր «Իսլամական պետություն»: