NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված լրագրող, այդ թերթի միջազգային ծառայության ղեկավարի տեղակալ Ժերոմ Գոտրեի հոդվածը:
Արարողությունների փոթորիկը, որոնց Ֆրանսիան մասնակցում է տարեսկզբից, եւ որոնց գագաթնակետը դարձան Նորմանդիայում դաշնակիցների իջեցման 70-ամյակն ու Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, մի քանի օրվա տարբերությամբ ապշեցուցիչ հակադրություն ի հայտ բերեց:
Դատեք ինքներդ. չնայած ուկրաինական ճգնաժամին եւ առկա մտավախություններին, հունիսի 6-ին արեւմտյան գերտերությունները Նորմանդիայի լողափերին տոնում էին դաշնակիցների իջեցումն ու ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը: Երեք շաբաթ անց 2000 կմ այն կողմ՝ Սարաեւոյում, էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-րդ տարելիցին, որն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառ դարձած իրադարձությունների սկիզբը դրեց, տոնակատարությունները հակառակ արդյունքն ունեին. քաղաքի ներսում եւ նրա սահմաններից դուրս ցույցեր անցկացվեցին, բոսնիացի սերբերը քաղաքի արեւելյան հատվածում էրցհերցոգին սպանած Գավրիլո Պրինցիպի հուշարձանը բացեցին՝ ի պատասխան պաշտոնական արարողությունների, որոնց ընթացքում, նրանց խոսքով, 20-րդ դարասկզբի աղետի ամբողջ պատասխանատվությունը բարդեցին Բելգրադի վրա:
Մի քանի շաբաթվա տարբերությամբ այս երկու հոբելյանների համադրումը եւս մեկ անգամ ընդգծում է, որ Եվրոպան դեռեւս վերջ չի դրել Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքներին, չնայած զգալիորեն հաղթահարել է Երկրորդ աշխարհամարտի վերքերը: Եվրոպական ինտեգրումը 1945 թվականի խաղաղության դուստրն է եւ կոնֆլիկտի գլխավոր պատճառը. այն թույլ է տալիս համեմատաբար հանգիստ տոնակատարությունների միջոցով ընդհանուր դիսկուրս ձեւավորել: Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի պարագայում իրադրությունն ավելի բարդ է: Նախ՝ որովհետեւ ապստամբությունը քաղաքական որեւէ բացատրության չի ենթարկվում, որում բացարձակ պատասխանատվությունը կդրվեր որեւէ ճամբարի կամ մեկ գաղափարախոսության վրա, բայց հատկապես, որովհետեւ խաղաղության պայմանագրերը ծնեցին բազմաթիվ վիրավորանքներ եւ հիասթափություններ, որոնք դեռեւս զգալի են:
Անկասկած, 1919 թվականի Վերսալյան պայմանագրից հետո գերմանացիների մոտ առաջացած նվաստացման զգացողությունը զգալիորեն մեղմացավ նացիստական սարսափներից հետո, սակայն Արեւելյան Եվրոպայում պարտվածների վերքերը դեռեւս բաց են: Պայմանագրերի հետեւանքները կանգ չառան Հաբսբուրգների նախկին կայսրության սահմաններին: Սեւրի պայմանագրի պայմանների դաժանությունը, որով կազմակերպվեց Օսմանյան կայսրության մասնատումը, Թուրքիայում քեմալականների շարժումը ծնեց, բերեց Փոքր Ասիայից միլիոնավոր հույների վտարմանն ու ռադիկալ-ազգայնական հանրապետության ստեղծմանը, որի կողմից 1915 թվականին հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժխտումն ամենամնայուն հետքն է:
Բացի այդ, Օսմանյան կայսրության փլուզումը նաեւ բերեց Մերձավոր Արեւելքում սահմանների վերաձեւման, ինչի հետեւանքը դարձավ կառուցվածքային թույլ պետությունների ստեղծումը: Այսպես, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադականները, ովքեր փորձում են Սիրիայի եւ Իրաքի մեջտեղում սուննիների իսլամական պետություն ստեղծել, ընդամենը վիճարկում են սահմանների վերաձեւումը, որոնք սահմանվել են Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումից հետո… Հարյուր տարի անց աշխարհը վերջ չի դրել 1914 թվականի հունիսի 28-ին Սարաեւոյում տեղի ունեցած մահափորձի գլխապտույտ հետեւանքներին:





























