Երեւանի բնակիչ, նախկինում երկու անգամ դատված 35-ամյա Արտակ Ո.-ն մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 12-ին գիշերը 01:30-ի սահմաններում: Արտակը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Երևան» բժշկական կենտրոնում գոռգոռացել եւ անհասցե հայոյաքներ է հնչեցրել, ցուցաբերել է ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահվածք, կոտրել է վերակենդանացման հիվանդասենյակի թթվածնի փականը, լամպը եւ բժշկի աշխատասենյակի դռան ապակին, դիտավորությամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել բժշկական կենտրունում ներկա գտնվող աշխատակիցների նկատմամբ:
Արտակ Ո.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























