Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հուլիսի 7-ին, ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դիմիտրինա Դիմիտրովային եւ նրա հետ քննարկել համագործակցության շրջանակներում զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման ու արդյունավետ համագործակցության համար` պարոն Ասատրյանը ներկայացրել է ԱՄԿ-ի օժանդակությամբ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները:
2014թ. հուլիսի 1-ին հանրապետությունում գործում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը, որը կարգավորվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Համակարգում ներկայացված են հանրային ծառայությունների բոլոր տեսակները, կիրառված են մի շարք գործիքներ, որոնց օգնությամբ կլուծվեն ոլորտում առկա բազմազան խնդիրները:
Զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում իրականացվում են փորձնական ծրագրերի մշակում եւ իրականացում, մեթոդական աջակցություն, ուսումնական մոդուլների մշակում: Վերջերս ընդունված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով առաջնությունը տրվում է ակտիվ ծրագրերի իրականացմանը: Կատարելագործվում է «Գործ» տեղեկատվական համակարգը` համալրվելով նոր էլեկտրոնային գործիքներով:
Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում` ներգրավելով միջազգային եւ տեղական փորձագետների ուսումնասիրություններն ու դիտարկումները, ինչպես նաեւ հիմք ընդունելով ստանձնած միջազգային պարտավորություններն ու իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած անհամապատասխանությունները: Նոր օրենքի նախագիծը շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո կներկայացվի ՀՀ կառավարություն:
Մանրամասն տեղեկանալով կատարված աշխատանքների մասին տիկին Դիմիտրովան նշել է. «Կարող եմ արձանագրել, որ իրականացված է հսկայածավալ աշխատանք, ունենք տեսանելի արդյունքներ: Կայուն համագործակցության արդյունքում կունենանք առավելը: Պատրաստ ենք այսուհետ եւս օժանդակելբոլոր նախաձեռնություններում, տրամադրել մեթոդական ու փորձագիտական խորհրդատվություն»:
«Սոցիալական պաշտպանության, մասնավորապես, զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները երկրի զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմքն են հանդիսանում: Պետք է լինել հետեւողական եւ կայացնել ճիշտ որոշումներ: Կարեւորում եմ մեր արդյունավետ համագործակցությունը եւ մաղթում նոր հաջողություններ»,-ընդգծեց պարոն Ասատրյանը:
Քննարկվել են նաեւ սոցիալական գործընկերության զարգացման, սոցիալական քաղաքականության մշակման գործում նրա դերի ու նշանակության կարեւորությունը, ձեռքբերվեցին նոր պայմանավորվածություններ:





























