ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի վերլուծության մեջ հանրապետության գազաբաշխիչ ցանցում փաստացի կորուստների վերաբերյալ ներկայացված 8,64% ցուցանիշը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Միքայել Մելքումյանի հայտարարությունը, թե Հայաստանում Էժան էլեկտրականություն կարելի է ստանալ գազի կորուստներից:
«Գազպրոմ Արմենիա» Ընկերության կողմից ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացվել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ այդ թվում նաեւ գազաբաշխման եւ գազափոխադրման համակարգերում առկա նորմատիվ եւ փաստացի կորուստների մասով տեղեկատվություն, եւ, կարծում ենք, պարոն Մելքումյանը, որպես նշված հանձնաժողովի նախագահի տեղակալ, կարող էր ավելի ճիշտ եւ օբյեկտիվ վերլուծություն ներկայացնել իրական թվերի հիման վրա»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս Միքայել Մելքումյանը ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում Էժան էլեկտրականություն կարելի է ստանալ գազի կորուստներից:
Նա նշել էր, որ Հայաստանի բաշխիչ ցանցում գազի նորմատիվ կորուստները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնահատել է 5,37%, փաստացի դրանք կազմում են 8,64%: Տարբերությունը կազմում է տարեկան 50 մլն խմ գազ:
«Եթե մենք դրանք վերածենք էլեկտրաէներգիայի, անգամ 3-ը 1-ի հաշվարկով, ինչպես Իրանի հետ ենք աշխատում, ապա կստանանք 150 մլն կՎտ/ժ, ինչը բնավ էլ քիչ չէ: Եվ եթե կարգավորող մարմինը հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի գինը ստիպված են թանկացնել էժան էներգիայի անբավարարության պատճառով, ապա ահա որտեղից է կարելի այն ստանալ», - ասել էր Մելքումյանը:





























