Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ պաղեստինցիների եւ իսրայելցիների իրավունքները հարգելը կոչել է տարածաշրջանի կայուն խաղաղության գրավական: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին նա գրել է իսրայելական Haaretz թերթում հրապարակված հոդվածում:
Աբբասի խոսքով, իսրայելական ներկա կառավարությունը նախընտրում է խաղաղության գործընթացն օգտագործել որպես «վարագույր՝ գաղութականացման եւ ճնշման քաղաքականությունը շարունակելու համար»:
«Մենք նախկինի պես ցանկանում ենք հավատալ, որ մեր իսրայելցի հարեւանները պաղեստինյան ժողովրդից չեն սպասում կյանք ապարտեիդի համակարգում: Խաղաղություն եւ ազատություն սիրող ժողովրդի անկախության ձգտումը չի կարելի վերացնել ուժային ճանապարհով»,- գրել է Աբբասը:
«Մենք հավատում ենք, որ արդար եւ կայուն խաղաղության անհնար է հասնել՝ առանց բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ պաղեստինցիների եւ իսրայելցիների իրավունքները հարգելու»,- հայտարարել է Պաղեստինի ղեկավարը: Մահմուդ Աբբասը նաեւ կոչ է արել միջազգային կազմակերպություններին՝ պաշտպանել պաղեստինյան բնակչությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարեց ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություն սկսելու մասին: «Պաշտպանության սահման» գործողությունը մեկնարկեց այն բանից հետո, երբ Գազայի հատվածի պաղեստինյան ծայրահեղականները հրթիռներ արձակեցին իսրայելական տարածքների ուղղությամբ:





























