Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե կուսակցության անդամին ԱԱԾ-ում հավաքագրել փորձող կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը:

«Րաֆֆու «սերը» եւ ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի եւ իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսեւորման շարքից է:

Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով եւ տեղին, իսկ «քառյակային» հավատարմութունն ընդգծելու եւ իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի»,- գրել է Աշոտյանը:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է տվել, որում հայտնել է, թե իրեն հավաքագրել փորձած եւ մերժման արժանացած «Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ իրեն ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից»։