Կարմիր գծանշումների եւ արագաչափերի տուգանքներ ունեցող քաղաքացիների բանկային հաշիվները սառեցվում են ամբողջությամբ, ոչ թե նրանց ունեցած պարտքին կամ ֆինանսական պարտավորվածությանը համարժեք: Երգիչ Արսեն Սաֆարյանի եղբայրը՝ երգերի հեղինակ Արթուր Սաֆարյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ տուգանքի մասին ոչ մի ծանուցում չի ստացել, սակայն այսօր առավոտյան պարզել է, որ իր երկու բանկային հաշիվները սառեցված են:
«Այսօր առավոտյան մտնում եմ բանկ, որ իմ քարտից գումար հանեմ ու պարզվում է, որ քարտս չի գործում: Աշխատողն ասում է, թե տուգանքների պատճառով է ԴԱՀԿ-ն կասեցրել հաշիվս: Իսկ ես տուգանք չունեմ, ծանուցում չեմ ստացել. զանգահարել եմ Հրազդան, որտեղ նախկինում բնակվել եմ, ծնողներս ասում են՝ ծանուցում չունես: Հետո դիմեցի մեր փոստատարին, ինքն էլ ասաց, որ ոչ մի ծանուցում չունեմ: Նույնիսկ ոստիկանության կայքով եմ ստուգել՝ էլի տուգանք չունեմ: Երբ գնացի ԴԱՀԿ, պարզվեց, որ 40 հազար դրամի տուգանք ունեմ, որի մասին ոչ ծանուցում եմ ստացել, ոչ էլ տեղյակ եմ՝ ինչ խախտման մասին է խոսքը: Սա գրպանահատություն է, պետական ջեբկիրություն»,- ասաց Արթուր Սաֆարյանը:
Ի դեպ, երգերի հեղինակը միակը չէ, ում բանկային հաշիվներն ամբողջությամբ սառեցված են: Վերջին օրերին շատերն են սոցիալական կայքերում գրառումներ կատարում այն մասին, որ իրենց տարբեր բանկերում ունեցած բոլոր հաշիվներն են սառեցվել:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ամբողջը պետք է ընդունել հաղորդում հանցագործության մասին. «ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի հետ միասին, խախտելով բոլոր գործող օրենքները, արգելափակում են ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվները: Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել մասսայական ապօրինությունները դադարեցնելու համար: Սա պետք է ընդունել հաղորդում հանցագործության մասին, իսկ ասածս էլ ուղղված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին»:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԴԱՀԿ մամուլի ծառայությանը, որտեղից ստացանք պատասխան, թե իրենք այնքանով են կալանքի տակ դնում, ինչքան որ պարտավորությունն է, իսկ հաշիվների ընդհանուր սառեցման հետ իրենք կապ չունեն:
Հետաքրքրական է, որ հարկայինի հտ կապված տուգանքներ ունեցող քաղաքացիների հաշիվներին կալանք է դրվում պարտավորությունների չափով: Սա նշանակում է, որ համատարած կալանքները վերաբերվում են միայն կարմիր գծանշումներին եւ արագաչափերին:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այսօրվանից շատերը փակում են իրենց բանկային հաշիվները:





























