Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով իրար բախված երկու բեռնատարներից մեկն արդեն երկու օր է՝ կանգնած է փողոցի բանուկ հատվածում եւ խանգարում է երթեւեկությանը: Մինչեւ բեռի ու մեքենայի սեփականատիրոջ ժամանումը՝ բեռնատարի մոտ հատուկ հսկողություն է սահմանել Գյումրու ճանապարհային ոստիկանությունը:

Բեռնատարի սեփականատեր, ազգությամբ թուրք 46-ամյա Պիգլիեւ Համալիին հետազոտություն է անցնում Երեւանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղից այսօր դուրս կգրվի: Վարորդին «Էրեբունի» բժշկական կենտորոնում հետազոտվելու ուղեգիր են տվել Գյումրու բժշկական կենտրոնից, որտեղ նա «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել էր վթարից հետո: Բժշկական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ին ասաց, որ վարորդն իրենց մոտ է տեղափոխվել կրծքավանդակի սալջարդով, գիտակցության կորուստ չի ունեցել եւ պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:

«Տուժածը մեզ հետ խոսեց ու պատմեց, որ մեքենան վարելու ընթացքում գլխապտույտ է ունեցել, ուշաթափության նախանշաններն են եղել իր մոտ ու միանգամից վատացել է, ինչի հետեւանքով հարվածել է իր առջեւից ընթացող հենց իր ընկերոջ բեռնատարին» -ասաց Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ Երեւանում բժիշկները թուրք վարորդի վիճակը գնահատել են կայուն: