Հայաստանի իշխանությունները Եվրասիական միության ճանապարհին լիակատար ձախողում են գրանցել: Այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ արագ տեմպերով փաստացիորեն գոյություն չունեցող կառույցի հետեւից վազել եւ դեռ վերջինիս չմիացած՝ նրա ներկայացուցիչներից Ղազախստանի նախագահի հայտարարության տեսքով շառաչուն ապտակ ստանալ, իշխանության համար մեծ ամոթ է: «Նրանք ցանկանում են, որպեսզի Հայաստանն անդամակցի ԵՏՀ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում: Լավ, բայց ինչո՞ւ է Ռուսաստանը Ղրիմի հետ մտել այդ կառույց», - հարցրեց Հայրիկյանը:
Նրա կարծիքով, ԵՏՀ-ի ձեւավորման գործընթացը մի մեծ խեղկատակություն է, որտեղ Հայաստանը շատ վատ է խաղում: Նախկին խորհրդային այլախոհի խոսքով՝ աշխարհի ցանկացած այլ պետությունում տեղի ունեցածից հետո իշխող ռեժիմը կհեռանար իշխանությունից:
Հարցին՝ ինչպիսին է տեսնում հանրապետության ապագան, Հայրիկյանը պատասխանեց. «Եթե մեզ հաջողվի միավորել ազատ մտածող քաղաքացիներին եւ շրջադարձ անել դեպի Եվրամիություն, ապա դեռ կարելի է փրկել իրավիճակը: Հակառակ դեպքում Հայաստանի քաղաքացիները դատապարտված են ապաստան գտնել Սիբիրի լայնարձակ դաշտերում»:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որտեղ կոչ էր արվում Հայաստանի Եվրասիական միություն ընդունել միայն իր ճանաչված սահմաններում:
Լուսանկարը Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























