«Վերնիսաժում» հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանին 2014թ. հուլիսի 4-ին պատգարակի վրա, կիսագիտակից վիճակում տեղափոխել են դատարան: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ 2014թ. հուլիսի 3-ին քննիչն արդեն պատրաստել էր ձերբակալման որոշումը, իսկ հուլիսի 4-ին գնացել էր հիվանդանոց՝ քննչական գործողություններ կատարելու:

«Չնայած հերթապահ բժիշկը քննիչին տալիս է գրավոր տեղեկանք, որ տվյալ պահին Վալերի Հովհանիսյանի վիճակն այնպիսին է, որ որևէ գործողություն նպատակահարմար չէ իրականացնել, քննիչը, անտեսելով տեղեկանքը, տալիս է մեղադրանք առաջադրելու որոշումը և պահանջում է Վալերի Հովհաննիսյանին տեղափոխել դատարան»,-ասաց Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանն ասաց, որ այդ ժամանակ իրենք հրավիրել են «Շտապօգնություն», որովհետև Վալերի Հովհաննիսյանն ի վիճակի չէր քայլելու:

«Նա կողքից աղիքը բաց վիճակում ընկած էր, ճնշումը բավականին բարձր էր և չէր գիտակցում, թե ինչ գործողություններ են իր շուրջը կատարվում: Բրիգադը պատգարակի վրա նրան տանում է դատարան, որտեղ քննում են մի մարդու վերաբերյալ գործ, ով անգիտակից վիճակում է: Անգամ երբ նախագահող դատավորը հարցրեց նրա անուն-ազգանունը, Վալերի Հովհաննիսյանը չկարողացավ շրթունքները շարժել, որպեսզի խոսի»,-նշեց Լևոն Բաղդասարյանը:

Պաշտպանի խոսքով՝ այն պայմաններում, երբ մարդ չի գիտակցում, թե ինչում են իրեն մեղադրում, դատական ակտ կայացնելը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելը դիտվում են ոչ իրավաչափ և հակասում են օրենքի հիմնական դրույթներին:

«Դատարանի որոշումից հետո «Շտապօգնության» բրիգադով նրան տեղափոխում են Թիվ 1 մեկուսարան, որտեղ ասում են, որ ավելի լավ է նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, դրանից հետո նույն մեքենայով տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց և մոտ երկու ժամ պահելուց հետո վերջապես ընդունում են: Անգամ ինձ չթողեցին տեսակցել Վալերի Հովհաննիսյանի հետ, որպեսզի նրան ասեմ, որ նրա նկատմամբ կա մեղադրանք: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ դիտմամբ են փորձում Վալերի Հովհաննիսյանին մեկուսացնել, որպեսզի նրա նկատմամբ իրականացնեն իրենց հարմար գործողություններ»,-լրագրողներին ասաց փաստաբանը:

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք պատրաստվում են բողոքել Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ իրականացված գործողությունների դեմ և անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։