Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ վարչության աշխատակիցներն այցելել է Ծաղկաձորի եւ Հանքավանի ճամբարներում ամառային հանգստի՝ առաջին հերթափոխով մեկնած դպրոցականներին։ Հանրակրթության վարչության պետը ծանոթացել է ճամբարների պայմաններին, զրուցել երեխաների հետ։
«Շրջեցինք սննդի պահեստներում, խոհանոցներում, ճաշարաններում եւ ուրախությամբ եմ նշում, որ որեւէ խախտում չենք արձանագրել. սննդի ժամկետները պահպանված են, չափաբաժինն ու սննդակարգը ապահովված է։ Սանիտարահիգիենիկ պայմաններն էլ են բավարար։ Երեխաների առօրյան հագեցած է. կրթական ու ժամանցային զբաղվածությունը եւս գոհացրեց։ Այսպիսով, դպրոցականների ամառային ճամբարները լիարժեքորեն ծառայում են նպատակին։ Եվս մեկ՝ ոչ պակաս կարեւոր հանգամանք. յուրաքանչյուր ջոկատ բաղկացած է Հայաստանի ու Արցախի տարբեր համայնքներից հանգստի եկած երեխաներից. նրանք ծանոթանում են, նոր ընկերներ են ձեռք բերում»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով 2014 թվականին Ծաղկաձորի եւ Հանքավանի դպրոցական ճամբարներ է մեկնելու շուրջ 4500 երեխա, որից 1175-ը, այս տարի 100 երեխա ավելի, Երեւանից։
Այս տարի ծրագիրն իրականացվում է երեք հերթափոխով։ Առաջին հերթափոխով ճամբարներ է մեկնել երեւանցի 325 երեխա։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բյուջեի միջոցներով։ Երեւանում ծրագրով սահմանված շահառու երեխաների ցուցակագրումը եւ տեղափոխումը հոգում է Երեւանի քաղաքապետարանը։





























