Երկաթուղային տրանսպորտի եւ ատոմային էներգետիկայի աշխատակիցները կարող են  55 տարեկանում թոշակի անցնել: Գործադիրի հուլիսի 10-ի որոշումը վերաբերում է այդ ոլորտի մի շարք մասնագիտությունների:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է մետրոյի այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են կապարաանագային համահալվածք լցնելով, նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառը, ինչպես նաեւ շարժակազմ նորոգող փականագործներին, ովքեր կատարում են գլանատակառ նորոգելու, լցնելու եւ կափույրները փոխելու աշխատանքները: Վաղ թոշակի կարող են անցնել նաեւ հատուկ ինտենսիվությամբ կայանների հերթապահները, ինչպես նաեւ մեքենավարները (շոգեքարշերի, էլեկտրաքարշերի, դիզելային շոգեքարշերի) ու կարգավարները:

Ատոմային էներգետիկայի բնագավառի աշխատակիցներից վաղ թոշակի կանցնեն նրանք, ովքեր աշխատանքներ են կատարում ատոմային ռեակտորում եւ ճառագայթման անմիջական վտանգի տակ են: