Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Ֆլորիդայում: Քուշ մականվամբ 4-ամյա ռուսական երկնագույն կատուն պատանդ էր վերցրել իր տերերին՝ Թերեզա եւ Ջեյմս Գրեգորի ամուսնական զույգին՝ նրանց կողպելով սենյակում: Ընտանի կենդանին բարկացել է, երբ տիրուհին հանկարծակի կանգնել է նրա պոչին, հաղորդում է «CBS»-ը:
Թերեզա Գրեգորիի նման անզգույշ պահվածքից բարկացած Քուշը հարձակվել է նրա վրա, այնուհետ ամուսնու վրա: Կատուն լուրջ վնասել է տերերին՝ ճանկռոտելով ոտքերն ու ձեռքերը: Զույգը ստիպված է եղել թաքնվել ննջարանում: «Մենք երբեք նրան այդպիսին չէինք տեսել: Դա պարզապես սարսափելի էր: Մենք ստիպված էինք փրկարարների կանչել»,- հայտարարել է Թերեզա Գրեգորին:
«Հավանաբար, կողքից ծիծաղելի էր թվում, սակայն մենք շատ էինք վախեցել: Ես 911 զանգահարեցի եւ ասացի. «Մեր կատուն խելագարվել է: Նա մեզ կողպել է սենյակում: Մենք խիստ ճանկռոտված ենք»,- հավելել է Թերեզա Ջեյմսը, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Արտակարգ ծառայության՝ կանչին ժամանած աշխատակիցները «վնասազերծել են» կատվին ու նրա համար 10-օրյա կարանտին սահմանել: Հաղորդում են, որ դեպքից հետո տերերը կարող են կամ հետ վերցնել կենդանուն, կամ խնդրել քնեցնել նրան:




























