Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է կրթության եւ գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ եւ 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն`
1.համապատասխան ուսումնական տարածք,
2.որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ),
3.մշակված 90-110 ժամյա վերապատրաստման սեփական ծրագիր (տեւողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաեւ` ուսուցման մեթոդաբանության եւ գործնական կարողությունների ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
4.վերապատրաստման ծրագրին եւ ՀՀ ԿԳ նախարարի` 2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1057 Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաեւ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական եւ գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
5.վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը.
•պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության պատճենները,
•սույն հայտարարության 3-րդ եւ 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
•տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին եւ այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
•հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը եւ ժամկետները,
•տեղեկանք ֆինանսական կարողությունների եւ վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
•2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:
6.Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչեւ 2014թ. օգոստոսի 11-ը, ժամը 18.00-ը ներառյալ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով եւ դիմումին կցելով edu.am եւ ktak.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձեւաթղթերը:





























