Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղի բնակիչները կողմ են «Վարանցով» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը: Այս մասին նրանք նշել են հուլիսի 9-ին Մարտիրոսի գյուղապետարանում տեղի ունեցած  հասարակական լսումների ժամանակ, հաղորդում է «ԷկոԼուրը»

Սոցիալական վատ պայմաններում ապրող գյուղացիների համար փոքր ՀԷԿ-ը փրկություն է թվում` չնայած նրան, որ այն խողովակի մեջ է վերցնելու գետի գրեթե ողջ ջուրը 4 կմ տարածքում: Որպես էկոլոգիական թողք նախագծով գետում թողնվելու է 0.01խմ ջուր (10 լիտր/վայրկյանում):

Մարտիրոս գյուղն ունի 750 բնակիչ: Լսումներին ներկա էր ընդամենը 10-15 գյուղացիները միաձայն ասացին. «Ոչ մի տարբերություն չի լինի, միշտ ջուրը բավարարել է ոռոգման համար, կարծում ենք տարբերություն չի լինի… 90-ական թթ-ից մեր գյուղում նման ներդրում դեռ չի եղել, խոսքը աշխատատեղերի մասին է, հիմա շինարարական աշխատանքներում մեր գյուղից աշխատում են, որից հետո հետո 12 հոգի պետք է աշխատեն, դա բավարար է 12 ընտանիք պահելու համար»:

Էկոլոգիական թողքի կապակցությամբ իր մտահոգությունը հայտնեց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Նազիկ Մկրտչյանը նշեց. «10 լիտր/վրկ ջուրը բոլորին է հուզում: Այն ենթակա է փոփոխության: Բնապահպանական թողքը 10 լ/վրկ-ից դառնում է 50 լ/վրկ: …Մենք պարտավոր ենք նախագծում փոփոխություն անել»:

Մարտիրոսի համայնքապետ Կամո Մկրտչյանի խոսքով հիմնականում բնակիչները ոռոգման նպատակով օգտվում են Մարտիրոս գետից: «Մենք «Վարանցով ՀԷԿ» ՍՊԸ-ի տնօրինության հետ կապել ենք պայմանագիր: Եթե 2 անգամ ջուրը կտրեն, 3-րդ անգամ աշխատանքները ընդհանրապես կդադարեցվեն, եւ հարցը կլուծվի դատական կարգով: Երկկողմանի պայմանագիրը վավերացված է նոտարի կողմից: Պայմանավորվել ենք, որ համայնքում կլուծվի գիշերային լուսավորության խնդիր: Պայմանավորվել ենք նաեւ, որ ոռոգման սեզոնին մեզ անհրաժեշտ ջուրը բաց թողնեն մեզ, եթե տարին սակավ եղավ, ոռոգման սեզոնին ՀԷԿ-ը չի աշխատելու»,- վստահեցրեց գյուղապետը: Նրան ուղղեց Նազիկ Մկրտչյանը. «Ըստ նախագծի՝ ամբողջ տարին աշխատելու է, ուղղակի տարբեր ջրաքանակներով»:

«Վարանցով ՀԷԿ» ՍՊԸ-ի բաժնետերեր Տիգրան Բաբայանը եւ Արգիշտի Մելիքսանյանը նշել են, որ պայմանավորվածություն ունեն, որ եւ շինարարական աշխատանքներում, եւ հիմնական աշխատանքի համար պետք է աշխատեն միայն Մարտիրոսի բնակիչները եւ եթե պետությունը թույլատրի, գյուղը կապահովեն անվճար լուսավորությամբ:

Կառուցապատողները նախատեսում են փոքր ՀԷԿ-ի  բոլոր աշխատանքներն ավարտել մինչեւ 2015 թ մարտի 1-ը: