ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանում 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկությունը գերազանցում է 40%-ը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Միեւնույն ժամանակ, համաձայն պաշտոնական տվյալների, աշխատանք չունեն 18-30 տարեկան երիտասարդների 18,7%-ը, եւ 20-24 տարեկանների՝ 23,4%-ը: Հատկանշական է, որ երկրում գործազրկության միջին մակարդակը կազմում է  15,4%:

Հայրապետյանը նաեւ նշեց, որ մինչեւ 24 տարեկան երիտասարդների շրջանում աղքատությունը կազմում է 34%, ինչը գերազանցում է երկրում միջին ցուցանիշը՝ 32,4%:

Բացի այդ, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույցի համաձայն, հանրապետության երիտասարդության 83.5%-ը հնարավորության դեպքում ժամանակավոր բնակության կմեկներ արտերկիր, իսկ 36.8%-ը՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով:

Հիշեցնենք, որ ներկայումս, մինչեւ 24 տարեկան երիտասարդների թիվը 500 հազար է, երկրի բնակչության մոտ 16.5%-ը: