Երեւանում բրենդային հագուստի ոչ բոլոր խանութներն են ապրանքը հետ վերցնում: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ այդ օրենքի խախտում է:

«Որոշ խանութներ պնդում են, որ գործում են օրենքին համապատասխան, եւ նույնիսկ տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից հատված են փակցնում: Իրականում նրանք օրենքը միակողմանի են մեկնաբանում»,- նշեց բանախոսը:

Նա հիշեցրեց, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, գնորդն իրավունք ունի փոխել նաեւ որակյալ ապրանքը, եթե ձեւի, չափսերի, գույնի կամ այլ պատճառով այն չի կարելի օգտագործել ըստ նշանակության: Միաժամանակ պայման է դրվում, որ ապրանքը չի օգտագործվել ըստ նշանակության, պահպանված է պիտակների եւ փաթեթավորման ամբողջականությունը, ինչպես նաեւ դրամարկղի կտրոնը: Այս պայմանները պահպանելու դեպքում սպառողն իրավունք ունի վերադարձնել ապրանքը եւ պահանջել գումարը կամ նման այլ ապրանք ընտրել: Ընդ որում,  Պիպոյանի կարծիքով, միայն սպառողը կարող է որոշել՝ հետ վերադարձրածի փոխարեն ինչ ապրանք ընտրել: «Վաճառողն իրավունք չունի նրա արմունկից բռնել եւ տանել խանութով մեկ՝ մեկը մյուսի հետեւից ցույց տալով զգեստները կամ բաճկոնները»,- ընդգծեց Պիպոյանը:

Փորձագետի խոսքով, որոշ խանութներ դժգոհում են, որ այդ դեպքում սպառողները կսկսեն զանգվածայնորեն հետ վերադարձնել գնված ապրանքը: «Նման մտավախությունները ես հիմնավոր չեմ համարում: Սպառողը խելագար չէ եւ ժամանակ չի վատնի՝ քաղաքում շրջելու եւ վաճառողների հետ վիճաբանելու համար: Եթե նա փոխում է ապրանքը, ուրեմն դրա համար լուրջ պատճառ կա: Եվ օրենքն այդ ընդունում է»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը: