Անցյալ տարի Փարիզը 884 ռեստորան է կորցրել, այսինքն՝ ամեն օր քաղաքի քարտեզից անհետացել է միջինը 3.66 հաստատությունը, ինչը երկու անգամ գերազանցում է նոր բացվածների թիվը: Այս մասին գրում է Euromag-ը՝ ներկայացնելով ֆրանսիական վիճակագրական տվյալները:
Ռեստորանային գործի մասնագետ եւ այդ բնագավառում մասնագիտացած բաժնի ղեկավար Բերնար Բուտբուլը Challenges հրատարակության հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը՝ այն անվանելով ցավալի: Բայց ստեղծված իրավիճակը նա զարմանալի չի համարում:
Վերջին շրջանում տնտեսության այդ հատվածի ԱԱՀ-ն 7-ից հասել է 10%-ի: Շուտով սպասվում է նաեւ այդ հարկատեսակի հերթական աճը: Բացի այդ, նշված բիզնեսում գոյություն ունեն բազմաթիվ այլ գործոններ, որոնք տերերին ստիպում են փակել գործը:
Մասնավորապես, շատերը կարծում են, որ «արգանակ եփելը» տարրական բան է, այդ պատճառով չեն ձգտում մասնագետներ փնտրել: Միաժամանակ, բավական զգալի են էլեկտրաէներգիայի, տարածքի վարձույթի, ինչպես նաեւ անձնակազմի աշխատավարձերի ծախսերը:
Բուտբուլի կարծիքով, այս խնդիրը հնարավոր է լուծել գործի հանդեպ լուրջ վերաբերմունք ցուցաբերելու դեպքում, այլ ոչ թե հույս ունենալ, որ տանտիկինը կարող է բոլորին փոխարինել ինչպես խոհանոցում, այնպես էլ սրահում:





























