Մոսկվայի մարզում երկուշաբթի օրը շնչահեղձ է եղել տապին մեծերից գաղտնի հոր մեքենան նստած երեխան, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահներին:

Հուլիսի 14-ին, ժ. 21.00-ի սահմաններում ոստիկանություն է դիմել 27-ամյա տնային տնտեսուհի՝ հայտնելով իր հինգ տարեկան որդու անհետացման մասին, ով Պուշկինի շրջանի Միտրոպոլյե գյուղում զբոսանքի էր ելել եւ չէր վերադարձել: 30 րոպե շարունակված որոնումներից հետո ոստիկանները հայտնաբերել են երեխայի դին:

Պարզվել է՝ երեխան կարողացել է գաղտնի վերցնել հոր Ford Focus ավտոմեքենայի բանալիները, նստել է մեքենան եւ արգելափակել դռները, որոնք հետո չի կարողացել բացել: Ըստ դատաբժիշկների՝ երեխան շոգից շնչահեղձ է եղել:

ՌԴ ՆԳՆ-ի ներկայացուցիչները եւս հաստատել են երեխայի մարմնի հայտնաբերման փաստը: