Նոյեմբերի 5-ի գործով տուժող  ճանաչված, ՀՀ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը դատարանում ցուցմունք տալիս ասաց այն, ինչ նախապես անգիր էին սովորեցրել. նա պատրաստ է տալ ցանկացած բովանդակության ցուցմունք՝ ի շահ մեղադրանքի կողմի: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Եկավ, անգիր արած ինչ-որ սովորեցրել էին, ասեց, դրանից հետո, երբ հարցերով սկսեցինք շեղել, արդեն չի  հիշում, չի կարողանում բացատրություն տալ: Ոստիկանների շարքում շատ քիչ մարդիկ կան, որ ունենան թասիբ, ինքնասիրություն, որ գան, ասեն այն, ինչ տեսել են կամ լսել: Մեծ մասը իր վերադասին հաճոյանալու, առաջ գնալու, այլ նմանատիպ շարժառիթներից ելնելով պատրաստ է վերադասի ցանկացած հրահանգ կատարել»,- նշեց փաստաբանը:

Արա Զաքարյանի կարծիքով՝ կան ոստիկաններ, որոնք կարող են դատարանում ասել՝ «երկրագունդը քառակուսի է», եթե անհրաժեշտ լինի:

«Ցավոք սրտի, մենք ունենք այնպիսի ոստիկանություն, որը պատրաստ է ցանկացած բովանդակության ցուցմունք տալ: Եթե մի քրեական գործում անհրաժեշտություն լինի հիմնավորել, որ երկրագունդը քառակուսի է, ոստիկաններ կգտնվեն, որոնք կհիմնավորեն: Այդպիսի ոստիկանի դասական վառ օրինակներից մեկը ոստիկան Գեղամ Խաչատրյանն է»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ այսօր Գեղամ Խաչատրյանի ցուցմունքից հետո Արա Զաքարյանը խնդրեց հրապարակել նրա նախաքննական  մարմնին տված ցուցմունքը, քանի որ նկատեց հակասություններ:

NEWS.am-ի հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք դատավոր Մնացական Մարտիրոսյանը աչք կփակի այդ հակասությունների վրա, փաստաբանը պատասխանեց. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասնագիտական ունակությունների մեջ կասկած չունեմ, բավականին բարձր որակի մասնագետ է: Բայց թե ինչ կանի, դա ուրիշ հարց է, բայց չեմ կարծում, որ այսպիսի խախտումների վրա աչք կփակի, այլ հարց է՝ գնահատական տալիս սուբյեկտիվ գնահատակ տա, բայց աչք չի փակի»:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):