Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանը պնդում է, որ իր կնոջ՝ Դիանա Նահապետյանի աղջիկները ստում են` ասելով, թե տեսել են՝ ինչպես է ինքը սպանել իր կնոջը: Այսօր՝ հուլիսի 17-ին,  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ իրականում Դիանա Նահապետյանի երկու անչափահաս աղջիկներն սպանության ժամանակ դրսում են եղել։

«Ես աղջիկներին այն ժամանակ եմ տեսել, երբ մեքենայով գնում էի, և իրանք ճիշտ չեն ասում, որ ինչ-որ բան տեսել են։ Իրականում ինքն ա առաջինը իմ վրա դանակով հարձակվել, ինքն էր անընդհատ մարդ բերում, որ ինձ ծեծեին։ Մի քանի անգամ ոստիկանություն է գնացել և իմ վրա միլիցա բերել»,- դատարանին պատմեց Վոլոդյա Մուրադյանը։

Ամբաստանյալի խոսքով՝ ինքը կնոջը ֆինանսապես ապահովել էր, և նա որևէ բանի կարիք չուներ։

«Մոր հետ սոված գյուղում ընկած էր, ես իրա համար տուն, մեքենաներ առա ու անընդհատ փող էի տալիս, իսկ ինքը իրա սիրածների համար տարբեր բաներ էր առնում։ Խաչիկի համար այդ փողով մեքենա գնեց, այն Մակարը ամբողջ գյուղում գլուխը գովալով ման էր գալիս ու ասում էր, որ Դիանան է իրա տան ամբողջ տեխնիկան առել։ Օրգանի աշխատողները իրա սիրածներն են, ոնց մատը շարժում էր, տենց էլ անում էին։ Ինքը ինձ սպառնում էր ու ասում էր, որ եթե իրանից բաժանվեմ, ոստիկանության ձեռքը կգցի։ Ես իրա դեմ ի՞նչ կարայի անեի, անգամ Աղվան Հովսեփյանի տեղակալը իրա սիրածն էր»,-ասաց Վոլոդյա Մուրադյանը:

Դատարանն այսօր մերժեց ամբաստանյալի նոր փաստաբանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի մեղադրանքը փոխելու եւ ՀՀ ՔՕ 104-րդ  հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։  Նշենք, որ դատախազի որոշմամբ՝ Վոլոդյա Մուրադյանի դեմ մեղադրանքը խստացվել էր՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինվել էր 2-րդ մասի 5-րդ կետով, ինչը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում։

Մեղադրյալն իր հայտարարության մեջ նշեց, որ դատարանը հիմքեր չունի իրեն մեղադրանք առաջադրելու ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ ինքը կնոջը կանխամտածված չի սպանել։

«Ես այդ մարդը չեմ, ում պետք է  այդ հոդվածով դատեն, ու Աստված Դիանային  տարավ իր չարության համար։ Եթե ես իրան չսպանեի, ապա իր սիրածներից մեկի կինն էր մի օր սպանելու»,- նշեց ամբաստանյալը։

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ կողմերը պատրաստ չէին վիճաբանությունների փուլին։

Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ՀԿ ներկայացուցիչները, ովքեր ակցիա էին կազմակերպել դատարանի շենքի դիմաց՝ պահանջելով արդար դատավճիռ։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլի 12-ին Արարատ քաղաքի իրենց բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել կնոջ՝ Դիանա Նահապետյանի հետ, որի ընթացքում կյանքից զրկելու նպատակով ապակյա ծաղկամանով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դիանա Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի և լյարդի վնասվածքներ, ներքին և արտաքին արյունահոսություն։ Դիանա Նահապետյանը տեղում մահացել է։ Այս տեսարանին ներկա են եղել Դիանայի 14-ամյա և 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս գալով փողոց՝ փորձել են օգնություն խնդրել հարևաններից, բայց ոչ ոք չի արձագանքել։