Կալիֆորնիական Գլենդեյլ նահանգի՝ ծագումով հայ բնակիչը երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Նա չի ցանկացել բողոքարկել երկու կնոջ էլեկտրական հոսանքով չկանխամտածված սպանելու մասին մեղադրանքը: Ըստ «Glendale News-Press»-ի, 21-ամյա Արման Սամսոնյանը պետք է նաեւ 70-օրյա հասարակական աշխատանք կատարի եւ տուգանք վճարի, ինչպես նաեւ փոխհատուցի զոհերի ընտանիքներին:
Լոս Անջելեսի շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանի դատավոր Մայքլ Եշիչը Սամսոնյանին (ով պատահարի ժամանակ 19 տարեկան է եղել) ասել է, որ նրա բախտը բերել: «Ձեր բախտը բերել է, որ ողջ եք մնացել: Այն, ինչ անում եք, ազդում է ձեր շրջապատի վրա»,- ասել է դատավորը՝ հավելելով, որ Սամսոնյանը ողբերգության օրը շատերի կյանքն է կործանել, թեեւ նման մտադրություն չի ունեցել: «Ամենից տխուրն այն է, որ այդ մարդիկ եկել էին Ձեզ օգնելու»,- ընդգծել է դատավորը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսի 22-ին Արման Սամսոնյանը գերազանցել է արագությունը, ինչի հետեւանքով նրա վարած ավտոմեքենան մխրճվել է լապտերասյան մեջ: Արդյունքում երկու կին էլեկտրական հոսանքից մահացել են: Ողբերգությունը տեղի է ունեցել բաց էլեկտրալարերի վրա ջուր լցվելու հետեւանքով: 40-ամյա Իրմա Իոլանդա Զամորան եւ 39-ամյա Սթեյսի Լի Շրայբերը հոսանքահարվել են Սամսոնյանին օգնելու ժամանակ:





























