Թայն եւ Ուիր կոմսության Սանդերլենդ քաղաքում հայտնաբերվել է խոտաբույս, որը թույն է պարունակում.այն կարող է մահացու ելքով լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, հաղորդում է «MailOnline»-ը:
Առաջինը բույսը նկատել է փարոսին մոտակա տարածքում պարեկություն իրականացնող Դուգի Հոլդենը: Նա խոտի մեջ վառ կետ է նկատել, եւ ընդունելով այն որպես սովորական դաշտային ծաղիկ, ավելի մոտից է դիտել ու լուսանկարել է այն:
Շուտով Հոլդենի գտածոյի մասին հայտնի է դարձել Այգեգործական թագավորական համայնքին, որի ներկայացուցիչները տեղեկացել են կուկոլ տեսակի բույսի մեկամյա ծաղկի մասին, որը Մեծ Բրիտանիայում անհետացած էր համարվում: Բույսը նույնականացրած մասնագետները դիմել են հասարակությանը խնդրանքով՝ չդիպչել ծաղկին՝ բացատրելով, որ այն թույն է պարունակում, հաղորդում է «FedPost.ru»-ն:
Փորձագետների խոսքով՝ կուկոլի ամեն հատվածում կան ցիանոգեն գլիկոզիդներ եւ թթու, որոնք կարող են ուժեղ փորացավի, սրտխառնոցի, դիարեայի, գլխապտույտի, թուլության, հազվագյուտ դեպքերում մահվան պատճառ դառնալ: Չնայած մասնագետների հայտարարություններին՝ Դուգի Հոլդենը չի դադարում հիանալ իր գտածոյով:
Նրա ուրախությունը չի կիսում Այգեգործական թագավորական համայնքի ղեկավար Գայը, ով կուկոլի հետազոտությունը վտանգավոր զբաղմունք է համարում: «Սա իսկապես շատ հազվագյուտ ծաղիկ է, որը Մեծ Բրիտանիայում անհետացած է համարվում: Հավանաբար, դրա սերմերն այնքան են մնացել հողում, քանի դեռ չի խախտվել հողի բաղադրությունը: Թեեւ բույսի հետազոտությունը հետաքրքիր զբաղմունք է, պետք է հիշել, որ այն թունավոր է: Ուստի ոչ ոքի խորհուրդ չեմ տա դիպչել դրան, առավել եւս փորձել այն»:





























