Մոսկվայում հուլիսի 15-ին տեղի ունեցած մետրոյի վթարի հետեւանքով տուժած հայազգի 20-ամյա Մերի Քոչարյանը դեռ գիտակցության չի եկել, նրա վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը:
«Մերի Քոչարյանը գիտակցության չի եկել, վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ է սպառնում, բայց կայունացման հույսեր կան: Մենք պահում ենք կապը հիվանդանոցի եւ Մերիի հարազատների հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է մյուս տուժածին՝ 23-ամյա Աննա Բուլղադարյանին, ապա նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, վիճակը միջին ծանրության է:
Նշենք, որ Մերի Քոչարյանն ունի ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի փակ վնասվածք, իսկ Աննա Բուլղադարյանը՝ աջ ճաճանչոսկրի կոտրվածք եւ տրավմատիկ ցնցում:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 23 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում: Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոյի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Պաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը: Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունների տվյալներով, վերջիններս կասկածվում են երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ:





























