20 տարուց ավելի ձգվող՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ պետության ոչ հստակ արտաքին քաղաքականության բացակայության պայմաններում երկրի պետական, դիվանագիտական խնդիրն իրականացնում է սահմանին կանգնած զինվորը՝ իր արյան եւ կյանքի գնով: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Վահան Արծրունին:

«Երբ պետությունը չունի հստակ դիվանագիտություն եւ արտաքին քաղաքական ստրատեգիա, պետական, դիվանագիտական խնդիրն սկսում է լուծել սահմանին կանգնած զինվորը՝ իր կյանքի եւ արյան գնով»,- ասաց նա:

Կոմպոզիտորի խոսքով՝ Ադրբեջանի շարունակական զինվելը չի կարող աննպատակ լինել, եւ մի օր անպայման ուղղվելու է մեր դեմ:

«Մարդ, որը զինվում է, պատերից զենքը կախելու համար չի, որ անում է, ուրեմն պետք է ինչ որ պահի խոսի, կրակի: Եւ առաջին հերթին՝ մեր դեմ»,- ասաց Վահան Արծրունին:

Նրա կարծիքով, ի տարբերություն Ադրբեջանի, որը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ ունի հստակ ստարտեգիա, մեր երկրի պարագայում նման ստրատեգիա չկա, որի պատճառը, ըստ նրա, հանրային իդեալի բացակայությունն է: Իսկ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը նա բնութագրեց այսպես.  «Սրանք շարժվում են, մենք պատասխան ենք տալիս: Սրանք չեն շարժվում, մենք դա փաստում ենք որպես անդորր կամ խաղաղ վիճակ»:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին՝ արդյոք ուշացած չէր Սերժ Սարգսյանի արձագանքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ Վահան Արծրունին պատասխանեց. «Իհարկե, ուշացած եմ համարում: Խնդիրներն այնքան են կուտակվել, որ մարդը ստիպված եղավ հայտարարությամբ հանդես գալ»: