Քալիֆորնիական Գլենդեյլ քաղաքում թմրանյութ պահելու մեղադրանքով հայկական ծագմամբ տղամարդու եւ մի կնոջ են ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է «Glendale News-Press» պարբերականը:

Պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները «Honda» մակնիշի սեւ ավտոմեքենա են կանգնեցրել՝ մգեցված ապակիների պատճառով, որոնք մասամբ իջեցված են եղել: Ոստիկաններից մեկը ճանաչել է Ռաքել Գուսման անունով կնոջը, ով հայտնի թմրամոլ է: Երբ իրավապահները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, առջեւի պատուհանից, որտեղ նստած է եղել Գուսմանը, թղթի մեջ փաթաթված ինչ-որ բան են դուրս նետել:

Իրավապահները գտել են թերթով փաթաթված օբյեկտը, որում հերոինի մնացորդներով մետաղական գդալ է եղել, ինչպես նաեւ ոչ մեծ քանակությամբ հերոին եւ օգտագործված ներարկիչ: Փողոցում նաեւ մետամֆետամին պարունակող երկրորդ փաթեթն են գտել, որը նույնպես, ըստ հաղորդագրության, դուրս է նետվել ավտոմեքենայից: