Չինացի դժբախտ կինը հավաստում է, որ իր միակ որդին չի ցանկանում այլեւս իրեն տեսնել եւ թույլ չի տալիս հանդիպել թոռնիկին, քանի որ իրեն չափազանց տգեղ է համարում:

63-ամյա Դին Լյանին գտել են Չինաստանի հարավային Հանչժոու քաղաքի փողոցում արտասվելիս: Նա հինգ ժամ ճանապարհ է անցել՝ նորածին թոռնիկին տեսնելու համար: Կինը փոքրիկի համար մի ամբողջ պարկ նվեր է բերել՝ հույս ունենալով, որ որդին կփոխի մտադրությունը: Սակայն նրա երազանքը չի կատարվել: Որդին չի պատասխանել հեռախոսազանգին, իսկ նրա բնակության հստակ վայրը Դինը չի իմացել եւ ստիպված է եղել հետդարձի ճամփան բռնել:

Կնոջը տեսել են քաղաքի փողոցում, տեղի 53-ամյա մի բնակչի հետ կանգնած, ով այնքան ցնցված է եղել նրա պատմությամբ, որ հրավիրել է տեղական հեռուստաալիքի լրագրողներին: Նրանց Դինը պատմել է, որ եկել է մոտակա Յույաո գյուղից: Կնոջ խոսքով, ինքը շատ է հպարտացել իր միակ երեխայով, երբ նա գերազանցությամբ ավարտել է դպրոցն ու ընդունվել համալսարան:

Ըստ FedPost.ru-ի, ուսումն ավարտելուց հետո որդին փոխադրվել է Հանչժոու, լավ աշխատանք է գտել հեղինակավոր ավտոսրահում եւ ամուսնացել: Սակայն հարսանիքին մոր ներկայությամբ տղան անհարմար է զգացել, ինչպես հայտարարել է՝ այն պատճառով, որ նա «տղամարդու նման է հագնված եղել»: Դրանից հետո տղան խզել է կապերը մոր հետ:

Ամեն դեպքում, մի քանի օր առաջ նա անձամբ է զանգահարել եւ տեղեկացրել, որ հայր է դարձել: Բնականաբար, Դինը որոշել է տեսնել թոռնիկին եւ նրան նվերներ մատուցել:

«Նա ինձ ասաց, որ ես այլեւս չգամ, քանի որ ամաչում է ինձ համար, որովհետեւ ես սարսափելի տգեղ եմ»,- պատմել է կինը:

Նրա այցի մասին կարճատեւ հեռուստահաղորդումից հետո, որը չինական սոցիալական մեդիայում քննարկումների առարկա է դարձել, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու է որդին հրաժարվում տեսնել հարազատ մորը: Ըստ Mail Online-ի, շատերը կասկածում են, որ դրա համար նաեւ ինչ-որ պատճառներ կան: