Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ այսօր սկսվել է Այգեձոր համայնքից, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ ծանոթացել է «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը: 

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2011թ.-ին   հիմնադրված այս ընկերությունն ունի 45  աշխատող, գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի եւ բանջարեղենի գրեթե բոլոր  տեսակները, տարեկան  արտադրելով մինչեւ  200 տ մուրաբաներ, պահածոներ, հյութեր եւ մարինացված բանջարեղեն: Առաջիկայում նախատեսվում է հիմնել հատապտուղների մշակության  նոր  պլանտացիաներ, որը հնարավորություն կտա երկարացնել    արտադրության ժամանակահատվածը, ընդլայնել արտադրանքի ծավալներն ու ավելացնել աշխատատեղերը: Այս առումով ընկերությունն աջակցության անհրաժեշտություն ունի, այդ թվում նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: Նախարարը խնդրել է որոշակիացնել սպասվող օժանդակությունը եւ խոստացել հնարավորինս օգտակար լինել ընկերությանը: 

Այցելությունը շարունակվել է Չինարի, Այգեձոր եւ Արծվաբերդ համայնքներում, ուր նախարարը հանդիպել է գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը՝  կապված հիմնականում պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների հետ: Հատկապես  կարեւորվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրում ընդգրկվելու  խնդիրը, որի հետ են նշված համայնքների ղեկավարները կապել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հեռանկարը: Բարձրացված հարցերին նախարարը խոստացել է ընթացք տալ՝ վերջիններիս լուծման հնարավորություններին հանգամանորեն ծանոթանալուց հետո: Արծվաբերդում նախարարը եղել է  նաեւ սերմնաբուծական  տնտեսության դաշտերում, ծանոթացել ցորենի, լոբու եւ եգիպտացորենի ցանքերին: Չինարի համայնքում, ինչպես նաեւ սահմանամերձ մյուս գյուղերում, ուր այցելության ընթացքում եղավ նախարարը, դժվարին պայմաններում կարողանում են նույնիսկ ավելացնել ցանքերի տարածքները: Չինարիում, օրինակ, 60 հեկտարով ավելացվել են ցորենի ցանքսերը: Նախարարին այստեղ խնդրեցին օժանդակել 5 հեկտարի համար ցորենի էլիտային սերմացուի ձեռքբերման հարցում, որին ի պատասխան նախարարը խոստացավ անհատույց տրամադրել նշված սերմացուն:

Այցելության ընթացքում նախարարը եղել է նաեւ սահմանամերձ այլ գյուղերում, հավաստիացել, որ մթնոլորտն այստեղ հանգիստ է եւ աշխատանքային, հանգամանորեն զրուցել գյուղացիների հետ, դրվատանքի խոսք ասել նրանց ոչ միայն դժվարին, այլեւ վտանգավոր աշխատանքի վերաբերյալ, եւ խոստացել ըստ ամենայնի ու հնարավորինս օժանդակել նրանց գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերում:

Այցելության ավարտին նախարարը Բերդ ավանում հանդիպել է գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության խոչընդոտող դժվարություններով մտահոգված մի խումբ տնտեսվարողների եւ մասնագետների հետ: Վերջիններս խոսել են այնպիսի օրախնդիր հարցերից, ինչպիսիք հողերի մասնատվածության վերացումն է, տնտեսությունների խոշորացումը, գյուղատնտեսական տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման պայմանների մատչելիության ապահովումը եւ այլն: Այստեղ նույնպես նախարարը խոստացել է մանրամասնորեն ուսումնասիրել բարձրացված հարցերը եւ հնարավորության դեպքում օժանդակել վերջիններիս լուծմանը: