ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեւորգ Ավագյանի հարազատները չգիտեն, թե իրականում ինչ է կատարվել բանակում, միեւնույն ժամանակ պնդում են, որ Գեւորգը ծառայության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել:
«Մանկավարժական համալսարանում էր սովորում, անվճար եւ բանակ չպետք է տանեին՝ մինչեւ ավարտելը: Սակայն ինքը գնաց, դիմում գրեց, որ հասակակիցների հետ զորակոչվի, շատ էր ուզում ծառայել, իսկ ընթացքում էլ ոչ մի խնդիր չունեցել: Լավ ծառայության համար վերջերս արձակուրդ էր եկել, շատ գոհ էր ծառայությունից: Էսքան ժամանակ ոչ մի բանից չի բողոքել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Գեւորգի դին այսօր են բերելու, հոգեհանգիստը տեղի կունենա գյուղի մշակույթի տանը. «Ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է ապրում, նույնիսկ հոգեհանգիստը չենք կարող տանը անել: Գյուղապետարանը, մարզպետարանը, նախարարությունն օգնում են, որ ծախսերն իրենց վրա չմնա»:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում: Մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, ձերբակալվել է Գեւորգ Ավագյանի ծառայակից ընկերը:





























