Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պարտականությունները շփոթեց Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնի հետ՝ հայտարարելով, թե ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանն օրենքը խախտելու համար է կալանավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Նման անհաջող հայտարարություն անելով՝ Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի վիճակի մեջ դրեց ոչ միայն ինքն իրեն, այլեւ ամբողջ հանրապետությանը: Էլ չեմ ասում, որ դա վտանգավոր է հենց Լեւոն Հայրապետյանի համար: Փաստորեն ռուսական դատարանը կալանավորեց 65 տարեկան Լեւոն Հայրապետյանին, որն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ այս առնչությամբ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ասում: Սա ողբալի իրավիճակ է, ողորմելի վիճակ: Կարծում եմ, որ այստեղ Հայաստանի հասարակությունն ինքն իր խոսքը պետք է ասի, որովհետեւ ի՞նչ է նշանակում Ռուսաստանում արդարադատություն, բոլորս էլ գիտենք, որ խոշոր գործարարների հետ կապված նմանատիպ հարցերը Ռուսաստանում լուծվում են միայն երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից»,- ասաց նա:

Փորձագետը համոզված է, որ Ադրբեջանն այս ամենի հետ կապ չունի, քանի որ նրան կալանավորել են Ռուսաստանում, որտեղ Ադրբեջանի խոսքը չի անցնում:

Մեր դիտարկմանը, թե Լեւոն Հայրապետյանի վստահված անձը մեզ հետ զրույցում նշել էր, որ հայ բարերարը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Պուտինի հետ լավ լինելը ավելի վատ է, քան թշնամի լինելը: Իսկ այս ամեն ինչ արվեց՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Ռուսահայ կապիտալի ինքնուրույն մտածող մասին հարված հասցնելու գործողություն էր սա, որովհետեւ մենք լավ ենք տեսնում Ռուսաստանի քաղաքականությունը, այսինքն հայկական շահերի հաշվին սիրաշահել Ադրբեջանին: Իսկ Լեւոն Հայրապետյանն այն մարդն էր, որ չէր լռի»:

Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: