Ռուսաստանը ոչ թե Հայաստանին չի ուզում տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում, այլ ուզում է նաեւ Ադրբեջանին ներգրավել այդ միության մեջ, ու Ղազախստանը եւ Բելառուսը, բնականաբար, նույնպես լծված են այդ խնդրի լուծման գործին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

«Քիչ հավանական է, որ Ադրբեջանը համաձայնի մտնել ԵՏՄ մեջ, բայց նա կանի հնարավորը, որպեսզի  քաղաքական առավելություններ կորզի՝ առանց իր վրա լրացուցիչ պարտավորություններ վերցնելու: Սակայն, ամեն դեպքում, Ալիեւը ստիպված է լինելու ռազմաքաղաքական ճամբարի՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ԵՄ-ի միջեւ, հստակ ընտրությունը կատարել ու, զգալով դրանից բխող վտանգները, փորձում է ժամանակը ձգել նաեւ շփման գծում լարումն ավելացնելու միջոցով»,- ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Լատինական Ամերիկայում արված հայտարարությանը, թե հայ հասարակությունն անհանգստացած է Մոսկվայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստով՝ Արման Մելիքյանն ընդգծեց, որ նման հայտարարություններ պետք է արվեն նախ եւ առաջ Հայաստանում. «Առհասարակ, կարեւոր է քաղաքական այսօրինակ հայտարարություններ կատարելու վայրի ընտրությունը՝ օրինակ Ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի վերաբերյալ հայտարարությունը պարոն Սարգսյանն արեց Մոսկվայում: Այժմ էլ ռուս-ադրբեջանական համագործակցությունը սպառազինությունների վաճառքի ոլորտում Արգենտինայում արված հայտարարության թեման եղավ: Ես կնախընտրեի, որ մեր երկրի ու ժողովրդի համար կարեւոր հայտարարությունները նախ արվեն Հայաստանում եւ հասցեգրված լինեն, առաջին հերթին, մեր երկրի քաղաքացիներին ու միայն դրանից  հետո իշխանությունների ու ժողովրդի համատեղ մտահոգությունները ներկայացվեն միջազգային հանրությանը, բայց չեմ բացառում, որ տվյալ դեպքում այսօրինակ պահվածքն ինչ-որ աներեւույթ հիմնավորում է ունեցել»:

Նշենք, որ ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի մինչեւ հոկտեմբերի վերջ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am