ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը համոզված է, որ ռուսաստանաբնակ հայ բարերար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարարը:
«Եթե չեմ սխալվում, պարոն Հայրապետյանի փաստաբանը ժխտել է այն վարկածը, որի համաձայն այդ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: Ինքս հակված եմ այն կարծիքին, որ նախկին ԽՍՀՄ տարածքում ցանկացած խոշոր գործարարի նկատմամբ իրավապահների ձեռնարկած այսօրինակ քայլերը չեն կարող քաղաքական բաղադրյալ չպարունակել: Ճիշտ է, նաև չի կարելի բացառել, որ քաղաքական խնդիրներ են առաջացել պարոն Հայրապետյանի գործընկերների կամ նրա հետ փոխկապակցված այլ անձանց մասով, իսկ մասնավորապես իրեն ուղղակի ներքաշել են այս ամենի մեջ: Ամեն դեպքում, մաղթում եմ, որ այս անախորժ միջադեպն արագ հարթվի՝ գտնում եմ, որ Լևոն Հայրապետյանը պետք է լինի ազատության մեջ, այլ ոչ թե բանտում»,- ասաց նա:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի մտերիմները պնդում են, որ այս ամենի հետեւում կանգնած է Ադրբեջանը, իսկ կալանավորումն էլ քաղաքական հաշվեհարդար է պարզապես:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: Նա կալանավորված է:





























