Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանն ամեն օր զանգահարում է Մոսկվա՝ իմանալու, թե ինչ նորություն կա հուլիսի 15-ին կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանի գործից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադիկ Խաչատրյանը:
«Դեռեւս տեղեկություն չունենք, թե ինչի մեջ են մեղադրում Լեւոն Հայրապետյանին: Ես ամեն օր զանգում եմ Մոսկվա նրա ընկերներին՝ իմանալու, թե ինչ նորություն կա: Ամեն դեպքում չեմ կարծում, որ Լեւոն Հայրապետյանին կալանավորելը կապված է Արցախի համար կատարած բարեգործություններով: Երեւի թե թյուրիմացություն է, կպարզվի ամեն ինչ, նախաքննության փուլն է: Իսկ Մարտակերտի ժողովուրդը շատ է ցավում կատարվածի համար, քանի որ նա Մարտակերտի, Վանք գյուղի համար մեծ բարեգործություն է արել»,- ասաց նա:
Վլադիկ Խաչատրյանի խոսքով՝ դեպքից մի քանի օր առաջ հայ բարերարն Արցախ էր գնացել, ինքը հեռախոսով է խոսել Լեւոն Հայրապետյանի հետ:
«Լեւոն Հայրապետյանն Արցախի հետ շատ կապված էր: Տարին մի քանի անգամ գալիս էր, վերջերս սկսել էր ուշ-ուշ գալ՝ հիվանդության պատճառով: Նախորդ անգամ որ եկել էր, հանդիպեցինք, միասին եկեղեցի գնացինք, հետո էլ ճաշեցինք: Ինքը բժշկին ասում էր, որ Արցախում իրեն շատ ավելի լավ է զգում: Որոշել էր տեղափոխվել եւ մշտական բնակություն հաստատել մեզ մոտ, բայց դե բուժման պատճառով հետաձգվում էր»,- ավելացրեց վարչակազմի ղեկավարը:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի եղբայրը պնդում է, որ սա քաղաքական հաշվեհարդար է, իսկ հետեւում էլ կանգնած է Ադրբեջանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: Նա կալանավորված է:





























