Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Ռուսաստանը ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատվություն է կրում Ուկրաինայի արեւելքում Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար:

Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի նոր ազգային հարցման արդյունքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հուլիսի 18-20-ը CNN եւ ORC International-ի կողմից համատեղ հարցումը նաեւ ցույց է տվել, որ յուրաքանչյուր 10-րդ հարցված կարծում է, որ ԱՄՆ պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի, եթե հստակ ապացույցներ հայտնվեն, որ մալազիական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում:

Տվյալ հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների միայն 19 տոկոսն է դրական վերաբերվում Ռուսաստանին: Դա երկու եւ ավելի անգամ քիչ է փետրվարյան հարցման նույն ցուցանիշից: 2011թ. CNN/ORC-ի հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիների 57%-ը դրական է վերաբերում Ռուսաստանին:

Հարցվածների 78 տոկոսը հաղորդել է, որ բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին, ինչը 23 տոկոսային կետով ավելի բարձր է փետրվարի նույն ցուցանիշից: 2011թ. Ռուսաստանի նկատմամբ բացասաբար վերաբերմունք ունեին ամերիկացիների միայն 40%-ը: