Հարկավոր է բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ ի զորակցություն հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի: Այս մասին հուլիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ձեռնարկատեր եւ բարերար  Վահագն Հովնանյանը:

«Լեւոնն իմ 30 տարվա ընկերն է, այդ մարդն առանց կոնֆլիկտների լուծում էր իր հարցերը: Ինչպե՞ս կարելի էր կալանավորել նման բարի մարդուն, առավել եւս՝ որ նա հիվանդ է», - ասել է Հովնանյանը: Նա կոչ է արել  բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ այն առթիվ, որ  «Ռուսաստանն անմարդկային է վարվում Լեւոն Հայրապետյանի հետ»:

Իր հերթին Արցախյան պատերազմի մասնակից Արթուր Ալեքսանյանը նշել է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարում ռուսական իշխանությունների հետ՝ Լեւոն Հայրապետյանի կալանավորման հարցով:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի կալանավորման որոշումը կայացրել էր Մոսկվայի Բասմանի դատարանը: Գործարարին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 160 եւ 174 հոդվածներով:

Լեւոն Հայրապետյանը ընդգրկված է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում    (10-րդ տեղն է զբաղեցնում):